Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կառավարությունը հավելավճար սահմանեց: Որոշումն ընդունվեց հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում:
Ըստ նախագծի՝ հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ է պայմանավորվելու՝ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4 ամիսը լրանալը զինվորականը պետք է անցնի ատեստավորում: Իսկ այն չանցնելուց հետ ունի կրկնակի ատեստավորման հնարավորություն:
Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո կրկնակի ատեստավորման արդյունքներն ազդեցություն են ունենալու նաև պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման վրա: Ատեստավորվելու հնարավորություն կստանան նաև 6 ամիս ծառայած զինծառայողները:
Նշենք, որ զինծառայողները ատեստավորումը կրկնելու են ամեն 3 տարին մեկ՝ հավելավճարը շարունակելու նպատակով: Բյուջեի ծախսերը կկազմեն 60 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ զինծառայողների աշխատավարձը փաստացի կրկնապատկվելու է: Որոշումն անհետաձգելիության սկզբունքով կքննարկվի Ազգային ժողովում: Կառավարությունում պարզաբանեցին, որ նախագծի իրացման հարցը դեռ հստակեցման փուլում է:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են մինչև 2026 թվականը ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, և Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգն արդեն պատրաստ է։ Ըստ Գրիգորյանի՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելը չի նշանակում զինծառայությունից իսպառ հրաժարում, այլ ենթադրում է դրա կրճատում, բանակի առավելագույն համալրում պրոֆեսիոնալ կադրերով։