Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը ձեռնամուխ է եղել Լոնդոնի Նյուպորտ Սթրիթ պատկերասրահում սեփական նկարներն այրելուն: Նա մտադիր է հրկիզել մի քանի հազար ստեղծագործություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 11 մլն դոլար, Հիրստը դրանք այրելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է pravilamag-ը:
Ըստ HypeBeast-ի՝ ողջ գործընթացը տեղի է ունենում լուսանկարիչների ու լրագրողների ներկայությամբ եւ հեռարձակվում առցանց։ Այսպիսով, նկարիչը որոշել է ավարտին հասցնել լայնածավալ ցուցահանդեսը, որը կոչվում է «Արժույթը»: Նա դարձել է համանուն նախագծի մի մասը, որը մեկնարկել էր 2021 թվականի հուլիսին։
Նկարիչը նշում է, որ իր համար նախագիծը ոչ միայն նկարներ է, այլ արվեստի գործ, որտեղ գնորդները դառնում են համահեղինակներ։ «Շատերը կարծում են, որ ես միլիոնավոր դոլարների արժողությամբ արվեստ եմ վառում, բայց դա ճիշտ չէ։ Ես ավարտում եմ այս ֆիզիկական աշխատանքների վերափոխումը NFT-ների՝ այրելով ֆիզիկական տարբերակները: Թվային կամ ֆիզիկական օբյեկտի արժեքը, որը դժվար է որոշել, չի կորչի: Այն կփոխանցվի NFT-ին»,- ասել է Հիրստը:
2016 թվականին նկարիչը ձեռքով ստեղծել է 10 000 եզակի աշխատանք՝ գունավոր կետերով, օգտագործելով էմալ ներկ՝ թղթի վրա։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր վերնագիրը: 2021 թվականին Հերստը թվայնացրել է նկարները և վաճառել NFT ձևաչափով աշխատանքները 2000 դոլարով։ Նախագծի շրջանակներում գնորդներին տրվել է ընտրություն՝ պահպանել ստեղծագործության թվային տարբերակը, կամ փոխանակել այն իրական արվեստի գործի հետ:
Մինչև 2022 թվականի հուլիսը բոլոր աշխատանքները վաճառվել են։ 5149 կոլեկցիոներ որոշել է փոխանակել իրենց NFT-ները ֆիզիկական նկարների հետ, 4851 մարդ պահել է NFT նշանները: Աշխատանքների չընտրված ֆիզիկական տարբերակներն ամեն օր այրվելու են Լոնդոնի «Հենի» պատկերասրահում։ Այսպիսով, հոկտեմբերի 10-ին նա արդեն այրել է իր նկարների առաջին հազարը։