Աստանայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուրբաթ օրը Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման հարցը 2020 և 2021 թվականներին՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:
«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։