Մենք ռուս խաղաղապաներին այընտրանք չենք տեսնում․ Դավիթ Բաբայան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ իրենք երբեք դեմ չեն եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը։
«1996թվականից հետո Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը։Այդ բանակցությունները, սակայն, չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս, գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն բանակցելու Արցախի հետ որպես կողմ, մենք էլ ասում ենք՝ թող ձևաչափը վերականգնվի, բանակցենք։ Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ՝ ի դեմս Արցախի, պետք է գնա և «մայր երկրին», տվյալ դեպքում՝ Ադրբեջանին նեղացած, փոշմանած խնդրի, որ ընդգրկվի իր կազմի մեջ, այդպես չի լինելու»,- ասել է Բաբայանը։
Նա նշել է, որ սա Արցախի ժողովրդի հավաքական կարծիքն է։ Բաբայանը նաև խոսել է Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին։
«Մեր ժողովրդին կոչ եմ անում իմաստուն լինել, անթույլատրելի եմ համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք: ՌԴ-ում երեք միլիոն հայ է ապրում, այն ապուշը, որը հակառուսական կարծիք է արտահայտում, չի մտածո՞ւմ մեր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել, կամ այն ապուշը, որ հակաարևմտյան կարծիք է հայտնում, չի մտածում, որ երկու միլիոն հայ կա ԱՄՆ-ում»,- ասել է Բաբայանը։
Նա ընդգծել է, որ աշխարհում երկու պետություն կա, որը կարող է նորմալ հարաբերություններ պահպանել բոլոր երկրների հետ, դա հրեաներն ու հայերն են, որովհետև ունեն սփյուռք։
«Եթե դա չենք օգտագործում, ուրեմն կամ ապուշ ենք, կամ հակաազգային քաղաքականություն ենք վարում։ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, Արևմուտքն էլ մեզ թշնամի չէ, ուստի մենք ռուս խաղաղապաներին այընտրանք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք արևմուտքին»,- ընդգծել է Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ լավ կլինի ժողովրդավարական համարվող երկրներն ասեն, որ չեն տեսնում Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում․ «Եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակության խարանը՝ ժողովրդավարական երկրների վրա դաջված»։