2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից. «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», – ընդգծել է կազմակերպությունը։
«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․ «Այս զինվորները գերի են ընկել և վայր դրել զենքերը։ Նրանց գերեվարողները պարտավոր էին մարդկայնորեն վերաբերվել նրանց, փոխարենը ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարեցին նրանց։ Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։