Իրանական «Էվին» կոչվող բանտում, որտեղ, մասնավորապես, քաղբանտարկյալներ են պահվում, խոշոր հրդեհ է բռնկվել, շենքից կրակոցների ձայներ են լսվել: Բանտը գտնվում է Թեհրանում: Interfax-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ենթադրվում է, որ բանտում խռովություն է տեղի ունեցել։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բանտում կարգուկանոնը վերականգնվել է, և այս պահին հրշեջները պայքարում են հրդեհի դեմ:
Միջադեպը տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին: Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։