Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը, Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման մանրամասները: Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ ավելի քան մեկ տասնյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան և ՀՀ-ն գնահատում է Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Հայաստանում՝ հատկապես բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում:
«Հատկանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում: Հայ-նորվեգական հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ջանքերին ուղղված Նորվեգիայի աջակցությունը»,-ասաց Միրզոյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով Նորվեգիային կորոնավիրուսի համավարակի դեմ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար:
Միրզոյանը նշեց, որ նախարարի հետ անդրադարձել են Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
«Այս առումով կցանկանայի ընդգծել մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ինչպես նաև թվային կառավարումը»,- ընդգծեց Միրզոյանը:
Նա հայտնեց, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մեր քննարկումների առանցքում եղել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը: Ադրբեջանի կողմից նոր արգեսիաների կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը»,- շեշտեց Միրզոյանը՝ այդ հարցում կարևորելով նաև Նորվեգիայի աջակցությունը:
Նա ընդգծեց, որ վերհաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-երի դուրս բերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի անհապաղ վերադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը։