Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մենք հիմա դատարանում կփորձենք ներկայացնել մեր հիմնավորումները: Անգամ փորձել են ծանրացնել մեղադրանքը՝ առաջադրելով տարբեր հոդվածներ: Նրան մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այս առումով այստեղ լուրջ իրավական խնդիրներ կան: Ապօրինի կերպով քրեական հետապնդում է սկսվել ու հետո են դիմել ԲԴԽ»,-նշել է Երեմ Սարգսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը ավելի վաղ բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։