Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Իհարկե, այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն»,- գրել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս՝ Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա։
»Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից»,- գրել է Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Երեմ սարգսյանը նշել էր, որ նա չի ընդունում մեղադրանքը։
Բարձրագույն դատական խորհուրդն ավելի վաղ բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։