Մենք դեմ ենք նման ձևով բուհերի միավորմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
«Մենք հինգ կետանոց առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ վարչապետին ու ակնկալում ենք պատասխան: Նամակը ներկայացրել ենք երկուշաբթի, մինչ օրս, սակայն, մեզ դեռ ոչ մի պատասխան չի տրվել: Ներկայացված կետերը վերաբերում են որոշման կասեցմանը և, ամենակարևորը, մենք ասում ենք, որ բաց ենք քննարկումների համար: Կարծում ենք՝ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ, հստակ սահմանվեն չափանիշներ, ըստ որոնց բուհերը պետք է միավորվեն: Այսօր այդ չափանիշները բացակայում են»,- ասաց նա:
Թամրազյանի խոսքով՝ արդեն 7 օր՝ իրենց որևէ ողջամիտ հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու են բուհերը միավորվում:
«Նախարարության որոշման մեջ սկզբունք չկա: Մենք դեմ ենք առանց հիմնավորման նման նախագիծ շրջանառելուն»,- ասաց Գրիշա Թամրազյանը և հավելեց, որ կառավարությունից համաձայնել են ընդունել Բրյուսովի համալսարանի վեց պատվիրակների:
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն ու ռեկտորն ուսանողների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում հոկտեմբերի 12-ից, երբ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որը նախատեսում է համալսարանի միավորումն Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ։