Ամերիկյան կոնգրեսականների այցը Հայաստան չի բերի արմատական որոշումների կամ փոփոխությունների: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան:
Ըստ Սարգսյանի՝ այդ պաշտոնյաները Հայաստանում են, որովհետեւ ԱՄՆ կոնգրեսականների պալատում կա ժողովրդավարության համագործակցության յուրահատուկ պլատֆորմ, որի միջոցով Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը համագործակցում է ժողովրդավարության ուղին բռնած մի շարք պետությունների հետ:
Փորձագետի խոսքով՝ մեր տարածաշրջանում կոնգրեսականները համագործակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հետ։ Այսինքն, այս այցը ամերիկյան օրակարգի ժողովրդավարական գործընթացներով է պայմանավորված. սա միջխորհրդարանական հարաբերությունների յուրահատուկ ձեւաչափ է։
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություն, Սարգսյանը պատասխանեց, որ այս այցի շրջանակներում նման պնդում անել չի կարելի, նույնն էլ վերաբերվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին։ Ըստ Սարգսյանի՝ եթե արտաքին քաղաքական դաշտում տեղաշարժեր լինեն, ապա հաստատ ոչ ԱՄՆ-ի կոնգրեսականների այցերի հաշվին։
Հարցին կարո՞ղ է ԱՄՆ-ն դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը, Սարգսյանն ասաց՝ պետք է հասկանալ, թե ինչ ենք մենք պատկերացնում երաշխիք ասելով և ո՞ւմ դեմ անվտանգություն պետք է ապահովի ԱՄՆ-ն։
«Արդյո՞ք Միացյալ Նահանգները ցանկանում են Հայաստանի անվտանգությունն ապահովել Ադրբեջանից կամ իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիայից։ Սրանք կարևորագույն հարցերն են, որոնց պատասխանները պետք է տրվեն՝ հասկանալու համար արդյո՞ք ԱՄՆ-ում պատրաստ են և կարող են ՀՀ անվտանգությունն ապահովել»,- եզրափակեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: