Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբևէ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:
«Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում: ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ»,- ասվում է հայտարարությունում:
ԱԺ պատգամավորները ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները և հայ ժողովրդի հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները: