Հայրենիքի պաշտպանությունը նրանց համար կենսակերպ է: Այս մասին ասել է Արցախ տեղափոխված հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի Մարտակերտի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։ Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն: Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը»,-իր Facebook-յան էջում գրել է Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ տեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի:
«Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից: Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,-հավելել է Ռ. Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի սկզբին կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը:
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։