Բացի Հայաստան հնդկական զենքի արտահանումից, Երևանի և Դելիի հետագա փոխգործակցությունը նախատեսում է համատեղ արտադրական բազաների ստեղծում Հայաստանում, հաղորդում է հնդկական India Narrative պարբերականը: Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի հետագա արտահանման կենտրոն դեպի տարածաշրջանի երկրներ և Բալկաններ, ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարևոր է մի քանի պատճառներով։ Նախ՝ Հնդկաստանին ձեռնտու է հենակետ ձեռք բերել Հարավային Կովկասում, որտեղ հատվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը, և այդ պատճառով Երևանի հետ հարաբերությունները Դելիի համար ռազմավարական նշանակություն ունեն։
Երկրորդ, գրում է պարբերականը, Հնդկաստանը Հայաստան է արտահանելու «Պինակա» հրթիռային կայանքներ, զինամթերք և հակատանկային հրթիռներ։
Երրորդ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Հնդկաստան երկու երկրների միջև նման բարձր մակարդակի այլ այցերի սկիզբն է, քանի որ պաշտպանական համագործակցությունը պետք է ավելի խորանա, գրում է պարբերականը՝ վկայակոչելով «Հայաստանյան աղբյուրները»։
Հոդվածում նաև ասվում է, որ Հնդկաստանի շահերին հակասում են Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները, որոնք աջակցում են Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում, բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Քանի որ Հայաստանի գլխավոր պաշտպանական դաշնակից Ռուսաստանի ուշադրությունն այսօր ուղղված է Ուկրաինային, Հնդկաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի օգնի փոքրիկ, բայց ռազմավարական դիրք ունեցող Հայաստանին պաշտպանել իրեն, գրում է պարբերականը։