Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում վաճառել պետական բուհերի շենքերը հյուրանոցներ կամ ժամանցի կենտրոններ կառուցելու համար, լրագրողներին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բուհերի միավորումից հետո հնարավոր զարգացումներին:
Դումանյանը շեշտեց, որ բուհերի շենքերը կշարունակեն գործել: Վաճառքի թեմա չկա, դրանք երևակայական մտքեր են, որոնք ծագում են որոշ մարդկանց գլխում: Նա նշեց, որ մոտակա մի քանի ամիսներին, առաջիկա տարիներին ևս դա բացառվում է:
«Իրավիճակից կախված՝ կան տարբեր տարբերակներ: Դրանցից մեկն այն է, որ բուհերը մնալու են շենքերի բալանսում: Կան այլ հետաքրքիր տարբերակներ ևս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նաև անձեռնմխելի է կապիտալի հիմնադրամի տարբերակը: Դումանյանի դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ, օրինակ, բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ, դնել այդ հիմնադրամի ֆոնդում. «Եվ դա անձեռնմխելի է այն իմաստով, որ այնտեղից եկած եկամուտները պետք է ծախսվեն միմիայն կրթական նպատակներով»:
Հավելելենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձևավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրված միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից և չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Նա հայտնել էր, որ կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: