ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:
Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզեր այցելելու համար։
Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈւ կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում: