ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ամփոփել է երկօրյա աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
«Կարծում ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է տարածաշրջանում իրականացվող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Հայաստանի համար կարևոր է նաև իրավիճակի քաղաքական գնահատականը, որը կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի համար կարևոր է համագործակցությունը միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացված են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր տասը մշտական հանձնաժողովներում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը հետագայում ևս ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ համատեղ աշխատանքին՝ ուղղված օրենսդրության արդիականացմանը, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցությանը:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Բաքվին մեղադրել էր Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը տորպեդահարելու մեջ։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: