Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպմանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա:
Փայլանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ: