Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը Սոչիում երեք երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին բանակցությունների արդյունքում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը, պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված են եղել հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։ Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր», – ասաց նա։
Պուտինը նշել է, որ եռակողմ բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ՝ նշելով, որ, ըստ կողմերի, «դա շատ օգտակար հանդիպում էր»։ Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ հանդիպումը «շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար»։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ « իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար դա պայմաններ է ստեղծում»:
«Ընդ որում, երբ ես ասում եմ «ընդհանուր», նկատի ունեմ և վերջին անցյալի ընթացիկ իրադարձությունները, և իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այդ ժամանակ պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ, և այսօրվա քննարկումը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք պայմանավորվել նաև բոլոր երկրների ապագայի մասին։ Երբ ես ասում եմ « մեր բոլոր երկրներին», նկատի ունեմ և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ տարածաշրջանի բոլոր երկրներին, որովհետև հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված են բոլոր ժողովուրդները, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում», – ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ «Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի վերջնական և համապարփակ կարգավորում ձեռք բերվի»: Պուտինը նշել է, որ կողմերը կշարունակեն երկխոսությունն ու լուծումների որոնումը, «որոնք անհրաժեշտ են այսքան երկար տևող այս հակամարտությունում վերջ դնելու համար»:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։
Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։