ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մանրամասներ է հայտնել կառավարության ավտոպարկից 600 ավտոմեքենա դուրս գրելու և նոր մեքենաներ ձեռք բերելու պլանների վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության հոկտեմբերի 20-ի որոշմամբ կառավարության ավտոպարկից դուրս կգրվի շուրջ 600 հին մեքենա, իսկ դրա դիմաց կգնվի 200 նոր էկոնոմ դասի ավտոմեքենա, այդ թվում՝ էլեկտրոմոբիլներ։
Նախարարության պատասխանում ասվում է, որ պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնման են ենթակա 654 տրանսպորտային միջոցներ, որոնք կոմիտեի հաշվեկշռին հասնելուց հետո օտարվելու են, ինչի արդյունքում նախատեսվում է, որ պետբյուջե մուտք կգործի շուրջ 200 մլն դրամ (496 հազար դոլար):
Մեր հարցին ի պատասխան, թե պետական բյուջեից որքան գումար կծախսվի նոր ծառայողական մեքենաներ գնելու համար, գերատեսչությունից պատասխանել են, որ պետական կառավարման մարմինների կարիքների համար մեքենաների գնումն իրականացվում է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, որի համաձայն ՝ «պատվիրատուն չի կարող նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը», հետևաբար, կառավարության ծախսած գումարի մասին տեղեկատվությունը հայտնի կդառնա միայն գնումների գործընթացի ավարտից հետո։
Նշվում է նաև, որ ավտոմեքենաների գնման գործընթացը տեղի կունենա երկու փուլով, նախաորակավորման ընթացակարգը կտևի երկար ժամանակ, և գնումների ընթացակարգի առանձնահատկությունների պատճառով տրանսպորտային միջոցները ձեռք կբերվեն մրցույթի արդյունքում կնքված համաձայնագրի, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում: