Խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմամբ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր ռազմագերիների վերադարձի, 1991թ. Ալմաթիի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան սահմանների սահմանազատման, կողմերի ինքնիշխանության հիման վրա հաղորդակցությունների բացման և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման միջոցով»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Սոչիում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը՝ կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը։