Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հայտարարել, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և «դա բավական է»: Այս մասին հայտնում է բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Եվ Թուրքիայի, Իրանի և Հայաստանի և Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չէի ասում, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին պետք է ներքաշել դրա մեջ։ Ոնց որ ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը «պետք է վերջ դրվի», – ասել է նա։
«Այնպես չէ, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ-ի հաջորդ նստաշրջանում»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, բելառուսական կողմը ՀԱՊԿ-ի շրջանակներում նախաձեռնել է մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են ԶԼՄ-ներին, ճգնաժամային իրավիճակների կանխատեսմանը և արձագանքմանը։
«Մենք պետք է աշխատենք նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել ՀԱՊԿ-ում և մեկընդմիշտ դնել այդ երկաթբետոնե սյունը, որի շուրջ մենք բոլորս պտտվելու և պտտվելու ենք և ցույց կտանք ամբողջ աշխարհին»,- ասել է Բելառուսի նախագահը։ Դա, ըստ Լուկաշենկոյի, պետք է արվի «առանց խաղերի և օգտագործելով ՀԱՊԿ-ը ներքաղաքական որոշ խնդիրներ լուծելու համար»։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լուկաշենկոն հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ դեմ է արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում «արևմտյան լրացուցիչ առաքելությունների առկայությանը»։