Ազգային ժողովում արդեն երրորդ օրն է, ինչ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում 2023 թվականի բյուջեն: Այսօր երկրի տնտեսական միջավայրի ու 2023 թվականին նախատեվող հատկացումների մասին ԱԺ-ում զեկուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց մի քանի թիրախային կետեր.
Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսի բարելավումը
Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ անգամներով բարելավելով իր իրավիճակը: Մեր շատ ընդդիմախոսներ ծաղրում էին այս ցուցանիշը՝ նշելով, որ Հայաստանը բարձրացրել է դիրքերը, քանի որ Քովիդի վատ կառավարման հետևանքով շատ երկրների տնտեսական ցուցանիշները գահավիժել են կամ փլուզվել: Սա նշանակում է, որ մենք այնքան լավ ենք կառավարել, որ ոչ միայն չենք կորցրել մեր դիրքերը, այլ բարելավել ենք դրանք տնտեսական ակտիվության սանդղակում, ընգծեց վարչապետը:
Գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդը
Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Հայաստանում գոյություն ունի 691 000 գրանցված և վճարվող աշխատատեղ: «Գրանցված աշխատատեղ ասելով՝ նկատի ունենք, որ կոնկրետ մարդիկ կոնկրետ աշխատավայրում են աշխատում, վարձատրվում են, և որ կարևոր է՝ վճարում են եկամտային հարկ»,- ասաց Փաշինյանը: Համեմատելով 2018 թվականի մայիսին գրանցված աշխատատեղերի հետ՝ դրանք ավել են 143 000-ով, իսկ 2018-ի սեպտեմբերի համեմատ՝ 108 000-ով: Խոսելով կառավարության՝ այս ուղղությամբ կատարված աշխատանքի մասին վարչապետն առանձնացրեց հնարավորությունների ստեղծումը, պայքարը ստվերի դեմ, ինչպես նաև եկամտային հարկի բարեփոխումները:
Եկամտային հարկի բարեփոխումների անկյունաքարային ազդեցությունը
Վարչապետ Փաշինյանն առանձնացրեց եկամտային հարկի վերադարձի կարևորությունը: Նա 2018 թվականի տվյալները նշելով ասաց, որ այդ տարի քաղաքացիներին վերադարձվել է 4,7 միլիարդ դրամ եկամտային հարկ այն դեպքում, երբ 2021-ին եկամտային հարկի վերադարձը կազմել է 32,7 միլիարդ դրամ: Այսպիսով՝ աճը կազմել է 595 տոկոս: Երկրի ղեկավարը նշեց, որ այս ծրագրի շահառու է 25 000, գուցե և ավել քաղաքացի: 2022 թվականի 10 ամսում արդեն վերադարձվել է 41,1 միլիարդ դրամ, որի աճը 2018 թվականի նկատմամբ 10 անգամ է: 2021 թվականին 2018 թվականի համեմատ ավել է հավաքագրվել 124,5 միլիարդ դրամի եկամտային հարկ: Փաշինյանի խոսքով՝ սա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է հնարավոր հարկային դրույքաչափը նվազեցնելով ավելի շատ հարկ հավաքել:
Հեղափոխությունից 4 տարի անց մենք բյուջեի եկամուտները ավելացնելու ենք 75 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա բյուջեն սպասում ենք՝ 80 միլիարդին մոտ կգերակատարվի, քան նախատեսված է, ասաց վարչապետը:
Կրթության ոլորտի ֆինանսական հատկացումները
2023 թվականի բյուջեով ֆինանսական հատկացումների աճը կրթության ոլորտին 2018 թվականի համեմատ կազմում է 70 տոկոս կամ 90,6 միլիարդ դրամ: Իսկ 2022 թվականին արդեն հասցել էր ավելացնել 59 տոկոսով կամ 71,4 միլիարդ դրամով: Տեղի է ունենում հեղափոխական բարեփոխում հանրակրթական ոլորոտում, դա ուսուցիչների ատեստավորման հնարավորթւթյունն է: ՀՀ-ում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք կրկնապատկված կամ եռապատկված աշխատավարձ են ստանում: Համակարգը 2023 թվականին կներդրվի նաև երաժշտական, արվեստի, մարզադպրոցներում, ինչպես նաև մանկապարտեզներում: Ըստ Փաշինյանի՝ նպատակն այն է, որ ուսուցիչը ստանա 800, 900 հազար, 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ:
Պաշտպանական ոլորտին ուղղվող հատկացումները
Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել են 113 տոկոսով կամ 270 միլիարդ դրամով, 2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար: Բանակի բարեփոխումների գործընթաց է ձեռնարկվել, արդեն օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով, դրանց նպատակը նույնն է՝ սահմանել ստանդարտ և երկրորդ՝ սահմանել ստանդարտին համապատասխան աշխատվարձ: Այս ամբողջ գործընթացի նպատակը և իմաստն՝ անցումն է պրոֆեսիոնալ բանակին։ «Պետք է հատուկ ընդգծեմ, որ պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումը և բարեեփոխումների մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա, և մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ստեղծել,»-ասաց վարչապետը։