Նոյեմբերի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին, քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: