Փաստաբանների պալատը Էրիկ Ալեքսանյանի գործով դիմել է գլխավոր դատախազին և հիշեցրել փաստաբանական գաղտնիքի և էթիկայի մասին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
«Այդ մասին հրապարակային տեղեկություններ էին տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները՝ նշելով, որ հեռախոսը՝ որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Դրան զուգահեռ, Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները հավաստի տվյալներ են ներկայացրել Փաստաբանների պալատ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ» հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Այս տվյալների դեմ ցանկացած փորձ և ոտնձգություն անընդունելի և անթույլատրելի է ժողովրդավարական հասարակության համար, ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանին ձերբակալել են հոկտեմբերի 19-ին։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Փաստաբանը մեղադրվում է դատավորի պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն աջակցելու մեջ։