Վիրավորում ստացած զինծառայողներից ոմանք ունեն շարունակական բժշկական օգնության կարիք։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց Անահիտ Ավանեսյանը։
«Դա վերաբերում է թե՛ կրկնակի փոքր վիրահատական միջոցառումներին, թե՛ վերականգնողական բժշկական օգնությանը, որոնք զինծառայողներն ստանում են։ Թիվ չեմ կարող հնչեցնել, քանի որ նրանք տարբեր բժշկական կենտրոններում են»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին, թե սեպտեմբերյան հարձակման ժամանակ քանի՞ դի է խոշտանգվել, նախարարը պատասխանեց, որ կազմվում են մահվան մանրամասն եզրակացություններ, որտեղ ներգրավվում են բոլոր մանրամասները և հանձնվում են իրավական մարմիններին։ Ավանեսյանը նշեց, որ թվեր չի կարող հրապարակել։ Ինչ վերաբերում է դիերի փորձաքննություններին, Ավանեսյանի խոսքով՝ դրանք ընթացքի մեջ են։
«Այս պահին արտերկրի գործընկերներին դիմելու կարիք չկա։ Եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննության արդյունքում չունենանք պատասխան, միանշանակ, կդիմենք օտարերկրա գործընկերների օգնությանը«,- ասաց նախարարը։
Անդրադառնալով Հայաստանում հաստատված գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցչին՝ Ավանեսյանը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել գրիպի դեմ։
«Պատվաստանյութն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Անկախ կցագրման վայրից՝ կարող եք մոտենալ, ձեզ հարմար վայրում պատվաստվել։ Առաջիկայում, իհարկե, գրիպի աշխուժացման ընթացք ունենք՝ կապված սեզոնայնության հետ, սակայն դեռ չունենք բռնկման կամ մտահոգիչ նշաններ»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարն ընդգծեց, որ քովիդով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ունենք օրական մինչև 20 դեպքեր, ծանր դեպքերը նվազել են։
«Չեմ կարող ասել, թե մինչև հունվար կունենանք ավելացում, դեռ վաղ է կանխատեսել»,- ասաց Ավանեսյանը։