Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։ Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմա ժամանակ։
«ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ:
«Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը»,- նշել է նա։
Նա հայտնել է, որ հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։
«Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»,- նշել է ԱԽ քարտուղարը։