Բաքուն ցանկանում է վստահ լինել, որ Եվրամիությունը պատրաստ է գազ գնել 2027 թվականից հետո և չի հրաժարվի Ադրբեջանից ռուսական գազի մատակարարումներից, ինչն ակնկալում է «միլիարդավոր դոլարների ներդրումներ»՝ մատակարարումներն ավելացնելու համար։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Financial Times թերթին տված հարցազրույցում։
Հուլիսին Ադրբեջանը և ԵՄ – ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Բաքուն նախատեսում է մինչև 2027 թվականը Եվրամիություն արտահանել մոտ 20 մլրդ խմ բնական գազ։
«Եվրոպան այժմ շտապ այլընտրանքային մատակարարումների կարիք ունի։ Մենք պետք է վստահ լինենք, որ սա ինչ-որ ինքնաբուխ պահանջարկ չէ, որն առաջացել է Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո, որը հետո կդադարի, և հանկարծ դուք կշարունակեք գնել Ռուսաստանից», – ասել է նա։
Պայմանավորվածություններին համապատասխան մատակարարումներն ավելացնելու համար Ադրբեջանը «միլիարդավոր դոլարների» ներդրումների կարիք ունի Հարավային գազային միջանցքն ընդլայնելու և 2027 թվականից հետո եվրոպական ընկերությունների հետ երկարաժամկետ պայմանագրերի համար։
«Ով էլ շահագրգռված լինի ներդրումներ կատարել, պետական կողմը կամ մասնավոր կողմը, նրանք նախ պետք է միջոցներ տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք մեծացնել կարողությունները։ Չէի ասի, որ ԵՄ – ում տարաձայնություններ կան, բայց դա հանելուկի կարևոր մասն է», – հայտարարել է դիվանագետը։
Մամեդովը նշել է, որ Բաքուն ուրախ է իր ներդրումն ունենալ, բայց նաև ԵՄ-ից ներդրումների պատրաստակամություն է ակնկալում: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը։
Եվրահանձնաժողովը հրաժարվել է պատասխանել թերթի խնդրանքին՝ հնարավոր մասնավոր և պետական ներդրողների հետ բանակցությունների առկայության մասին: Եվրոպական Միությունում Ադրբեջանը համարում է «էներգետիկայի ոլորտում հուսալի և ռազմավարական առևտրային գործընկեր», գրում է թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում անանուն պաշտոնական անձին: