Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր: Արարողությունն անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմաակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ: