Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից հետո քաղաքական տրամադրությունները շատ են փոխվել, գրում է «Փաստը»։
Արցախում աճող քաղաքական գործընթացները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նաև նրանով, որ նախօրեին պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը շուտով կդառնա երկրի քաղաքական դաշտի գլխավոր հերոսը։
«Հավելենք, որ այս օրերին Արցախում է գտնվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հանդիպում է ոչ միայն իր ընկերների, մարտական ընկերների, բարեկամների հետ, այլ նաև քաղաքական հանդիպումներ է ունենում։ Բոլոր հանդիպումներին նրան ուղեկցում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը»,- գրում է թերթը։
Թերթը հայտնում է նաև, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում կայանալիք հանրահավաքին Արցախից բազմաթիվ այցելուներ են լինելու։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարար նշանակելու մասին։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք է անցկացնելու՝ ի պաշտպանություն Արցախի Ազգային ժողովի հայտարարության։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: ԱՀ-ն հայտարարություն էր ընդունել՝ ընդգծելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում: