Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վերլուծել 2021 թվականին պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը, գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ հանձնաժողովն արդեն սահմանել է ցանկը՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ոստիկանության պետ, գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ և այսպես շարունակ․ այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, և չի բացառվում՝ ցանկն ավելանա։
Այս որոշումը, նշում է թերթը, լուրջ անհանգստություն է առաջացրել պետական պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ անձանց շրջանում։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ. ստուգվելու են կենցաղին առնչվող մանրամասներ, մեկ բառով ասած՝ նրանց տները, ունեցվածքը»,- գրում է թերթը: