ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ, իբր, հարձակում է նախապատրաստվում Սաուդյան Արաբիայի վրա։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրների տվյալների՝ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության գոտում է մտնում Մերձավոր Արևելքը, հետախուզական տվյալներ ստանալուց հետո մարտական ինքնաթիռներ է ուղարկել Իրանի ուղղությամբ։ Նրանք տեղեկություն են ստացել, որ Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհներ են իրականացվելու:
Պարբերականը գրում է, որ Իրանի ուղղությամբ ինքնաթիռներ ուղարկելը ռազմական ուժի ցուցադրում է, ԱՄՆ-Սաուդյան Արաբիա գործընկերության կարևորության ցուցիչը պաշտպանության ոլորտում: Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում զգալի օդային միջոցներ ունի, միայն Սաուդյան Արաբիայում F-22 կործանիչներ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա Թեհրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրերը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կիսվել է հետախուզության տվյալներով՝ թիրախների վրա հարձակվելու Իրանի պլանների մասին: