ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարական ամառանոցի մոտ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։