Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կառավարության ամառանոցի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու դեպքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21.57-ի սահմաններում, քաղաքացի Ա. Ու.-ն Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպան լինել, ինչից հետո ժամը 23.25-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
«Պարզվել է, որ Ա. Ու-ն 16.06.2022 թ. անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ՃՈ տեսուչների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000 դրամի չափով, և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևանի պարեկային ծառայության կողմից Հերացու փողոցում կանգնեցվել է վերը նշված ավտոմեքենան, որի վարորդ Ա. Ու.-ն տրանսպորտային միջոցը վարելիս թույլ էր տվել ՃԵԿ-ի մի շարք խախտումներ, բացի այդ, պարեկները տրանսպորտային միջոցը նույնականացնելիս պարզել են, որ այն չի անցել պարտադիր տեխնիկական զննում, իսկ վարորդը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո նշված տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնահրկիզում կատարած քաղաքացու եղբոր պնդմամբ՝ այդ քայլի պատճառը տուգանքն է եղել: