Նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։
Կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին։Ավելի ուշ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում ծրագրվում է քննարկել խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը նախորդել էր Սոչիի եռակողմ հանդիպումը: Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Հավելենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքն սկսել է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։