Այսօր շատ արդյունավետ ու կառուցակարգային քննարկում ենք ունեցել: Այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մի շարք հարցեր կան, որոնք տևական ժամանակ քննարկվում են: Կարծում եմ՝ այսօր անհրաժեշտ է այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնել, որպեսզի ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ բնակիչների համար ավելի հեշտ լինի: Ուզում եմ ասել, որ մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն առանց Ռուսաստանի: Մեզ բոլորիս միասնական մի մշակույթ, պատմություն, կրոն, հավատ ու մեծ հաղթանակ է կապում»,- ասաց նա:
Կազբեկ Տայսաևը կարևորեց հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Այդ համատեքստում նա շեշտեց, որ երկրի առաջնորդների մատնանշած խնդիրների առումով կարևոր է նաև խորհրդարանական բաղադրիչի դերը:
Նա հայտնեց, որ որոշ քայլերի ուղղությամբ ՀՀ ԱԺ-ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Վաղարշակ Հակոբյանն էլ հայտնեց, որ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ տարածաշրջանային իրադրության վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել:
«Հյուրեին ներկայացվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները: Մանրամասն տեղեկություններ փոխանցվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈւ-ի անհապաղ դուրսբերման կաևորությունը»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամները պաշտոնական այցով Հայաստանում են:
Մանրամասները՝ տեսանյութում: