«Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։
«Հայցի հիմք է հանդիսացել Ակունքի hամայնքապետարանի ավագանու որոշումը, որով տարածքը աճուրդի է հանվել, մեր պահանջն է անվավեր ճանաչել այդ որոշումը, քանի որ այն եղել է օրենքի կոպիտ խախտմամբ, օրենքը արգելում է օտարել բնության հուշարձանը, իսկ ավագանին այս մասով ապօրինի որոշում է կայացրել»,- ասել է Միսկարյանը՝ նշելով, որ դատարանը ընդունել է հայցը, առայժմ նորություններ չկան։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հատիս լեռան վրա «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման վերաբերյալ թույլտվություն չի տվել։ Այս մասին ավելի վաղ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան նշել էին գերատեսչությունում:
Գերատեսչությունից պարզաբանել էին, որ նախարարություն հայտ չի ներկայացվել համալիրի կառուցման նպատակով հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար, ինչպես նաև կառուցման վերաբերյալ եզրակացություն չի տրվել։
Հիշեցնենք, որ Հիսուսի բարձրադիր արձանը Հայաստանում կանգնեցնելու գաղափարը ՀՀ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանինն է։