Ռոսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո Վրաստան է մուտք գործել ՌԴ ավելի քան 700 հազար քաղաքացի, մոտ 100 հազարը մնացել է երկրում: Ինչպես հայտնում է RBC-ն՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլիի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից ավելի քան 700 հազար ռուսաստանցի հատել է Վրաստանի հետ սահմանը։
«600 հազար ռուսաստանցիներ հավանաբար հետո մեկնել են տարբեր երկրներ, հարևան Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ։ Մոտ 100 հազար մարդ մնացել է»,-նշել է նա:
Բացի այդ, նախագահը հայտնել է, որ Վրաստանն ընդունել է մոտ 30 հազար ուկրաինացի փախստականների, և երբ Կիևում ամեն ինչ հանդարտվել է, նրանց մի մասը վերադարձել է:
Պարբերականը նշում է, որ հոկտեմբերի վերջին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ երկրում գտնվում է Ռուսաստանի 112 733 քաղաքացի, որոնք ժամանել են հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանցիների զանգվածային տեղափոխումը Հայաստան և Վրաստան 2022 թվականին նպաստել է ՀՆԱ-ի զգալի աճին և հանրապետությունների արժույթների ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: