Շուրջ 200 աշխարհահռչակ մարզիկներ նոյեմբերի 14-ին հանդիպել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Նրանց թվում է եղել նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, որը սրբազան քահանայապետին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել։ Այս մասին հայտնում է Վատիկանի պաշտոնական կայքը։
Մխիթարյանի մարզաշապիկի վրա գրված է եղել՝ «Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերը՝ խթանելու իմ երկրի և համայն աշխարհի խաղաղությանը: Հավատարմաբար»:
«Մենք խաղում ենք հանուն խաղաղության» կարգախոսով մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի այն նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին։
«Դուք Ձեր ժամանակը վատնեցիք և եկաք այստեղ՝ խաղաղության համար։ Խաղաղություն, որը կերտվում է այսպիսի արարքներով։ Սրանք փոքր արարքներ են, սակայն խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- իր խոսքում նշել է սրբազան քահանայապետը։
Մխիթարյանը սրբազանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հռոմի Պապի հետ հանդիպմանը․
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապին, և աշխարհահռչակ խաղացողների հետ աջակցել նրա՝ աշխարհում խաղաղություն հաստատելու գլոբալ ջանքերին: Խաղ հանուն՝ խաղաղության»։