Լեհաստանում վարչապետ Մատեուշ Մորավեցկու նախագահությամբ շտապ կարգով Ազգային անվտանգության կոմիտեի խորհրդակցություն է հրավիրվել։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Gazeta Wyborcza-ն: Նիստը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, որ Ուկրաինայի տարածքին հարվածներից հետո Լեհաստանի տարածք երկու հրթիռ է ընկել։
Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլերը դիմել է լրագրողներին և կոչ արել չհաստատված տեղեկատվություն չհրապարակել, նրա խոսքով՝ բոլոր մանրամասները հայտնի կլինեն խորհրդակցությունից հետո:
Հրշեջ ծառայությունը հաստատել է, որ Պշևոդովում պայթյուններ են եղել, սակայն գերատեսչությունում ընդգծել են, որ կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ:
Associated Press-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հաստատում է, որ Լեհաստանի տարածքում հրթիռների անկման հետևանքով երկու մարդ է զոհվել: Միևնույն ժամանակ, Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարող հաստատել հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական երկու հրթիռները ընկել են Լեհաստանի տարածքում:
Պշևոդովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 8 կմ հեռավորության վրա։