Վարչապետի աշխատակազմն առաջարկ է ներկայացրել՝ կապված առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձի վերանայումների հետ: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց առաջարկին վերաբերող նախագծին:
«Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ: Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ: Հարկ է նկատել, որ բազային աշխատավարձը 83200 դրամ սահմանելու պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, և աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա»,- ասված է նածագծի հիմնավորման մեջ:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։
«Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար և ամսական պարգևատրում աշխատավարձի 30 տոկոսի չափով։ Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը»,- ասված է նախագծում: