«Գազպրոմ» ընկերությունը նոր պայմանագրի շրջանակներում Ադրբեջանին կմատակարարի մինչև 1 մլրդ խմ գազ։
Ինչպես հաղորդում է «Коммерсантъ»-ը, վկայակոչելով ռուսական ընկերությանը, գազի մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)-ը:
Փաստաթուղթը կգործի մինչև 2023 թվականի մարտը, ռուսական ընկերությունը կմատակարարի մինչև 1 մլրդ խմ գազ։ Նշվում է, որ գազի առուվաճառքի նոր պայմանագրով Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները սկսվել են նոյեմբերի 15-ին։
Պարբերականը գրում է, որ «Գազպրոմը» Ադրբեջան առաքումներ է իրականացրել 2000-2006թթ.: Այնուհետև Շահ Դենիզի հանքավայրից արդյունահանման ավելացման պատճառով մատակարարումները դադարեցվեցին։ Դրանք վերսկսվել են 2017-2018 թվականներին, սակայն հետո Ադրբեջանը կրկին հրաժարվել է ռուսական գազից։
Նշվում է, որ ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ երկիրը մտադիր է կրկնապատկել իր վառելիքի մատակարարումը Եվրոպա: