Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI Europe) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցը կոչ է արել ՀՀ կառավարությանը հավանություն տալ «Զվարթնոց» օդանավակայանի նախատեսվող ընդլայնմանը։ Կազմակերպությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել կառավարության, Ազգային ժողովի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչների հետ, հայտնում է ACI-ի մամուլի ծառայությունը։
Յանկովեցն իր կոչը բացատրել է նրանով, որ ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը զգալիորեն գերազանցել է նախահամաճարակային մակարդակը (19%-ով) և արագորեն հասնում է իր կարողությունների սահմանաչափին։ Նա հավելել է, որ համապատասխան ծրագրի իրականացման համար ակնկալվում են 400 մլն եվրոյի ներդրումներ։
«Ընդհանուր առմամբ 400 միլիոն եվրոն պատրաստ է ներդրումների համար, որպեսզի կրկնապատկվի օդանավակայանի կարողություններն ինչպես ուղևորների, այնպես էլ բեռնափոխադրումների համար: Այս նախագծի հետագա ձգձգումը միայն կխոչընդոտի երկրի և նրա տնտեսության զարգացմանը»,- ասել է ACI Europe-ի գործադիր տնօրենը:
Յանկովեցն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների հետագա աճը կնպաստի Հայաստանի առաջիկա ընդգրկմանը Եվրոպական միասնական ավիացիոն տարածքում, ինչը երկրին դուրս կբերի դեպի ամենամեծ ազատականացված բազմակողմ ավիացիոն շուկա: Նա հավելել է, որ «եկել է հայկական ավիացիայի առաջ գնալու ժամանակը»։
«Երկիրն ունի օդային երթևեկության հետագա զարգացման և դիվերսիֆիկացման և, միևնույն ժամանակ, տնտեսական աճի և հայերի կենսամակարդակի մշտական բարելավման ներուժ», – ասաց ACI Europe-ի գործադիր տնօրենը:
Բայց այս ներուժի իրացումը պահանջում է ավելի շատ ենթակառուցվածքային կարողություններ, ինչը նշանակում է ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանը, հավելել է Յանկովեցը:
ACI-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ օդանավակայանի ընդլայնումը պետք է ուղեկցվի օդանավակայանից մեկնող ուղևորներից 10000 դրամի չափով հարկի վերացմամբ։ «Նման հարկը հայկական ավիացիայի համար մրցակցային լուրջ թերություն է և կիրառվում է խտրական կերպով»,- ասել է նա։
Ի վերջո, Յանկովեցը նաև առաջարկել է Հայաստանի կառավարությանը մշակել ռազմավարություն և ծրագրեր՝ մինչև 2050 թվականը միջազգային ավիացիայի համար CO2 զրոյական արտանետումների երկարաժամկետ նպատակին հասնելու համար: