ՌԴ Պետդումայի պատգամավոր, Դումայի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մամուլի ծառայությունը Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց, որ իրենք տեղեկություն չունեն, որ Զատուլինը Հայաստան կայցելի ՌԴ նախագահի պատվիրակության կազմում։
Հայկական ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակվել էին տեղեկություններ, ըստ որոնց Զատուլինը Հայաստան կայցելի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում։ «Մենք նման տեղեկություն չունենք։ Այդ մասին մեզ ոչինչ հայտնի չէ»,- համապատասխան հարցին ի պատասխան ասացաին մամուլի ծառայությունից։
Հարցին, թե Կոնստանտին Զատուլինը պարզաբանումներ ստացե՞լ է հայկական կողմից իրեն պերսոնա նոն գրատա ճանաչելու որոշման առնչությամբ, հետևեց բացասական պատասխանը. «Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ-ն այս հարցի վերաբերյալ նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությանը։ Պատասխաններ դեռ չկան»,- պարզաբանեցին մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում նշել է, որ նրա մուտքը երկիր անցանկալի է, քանի որ նրա հայտարարությունները «վնասում են հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։