Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 20-ի գիշերը Սիրիայում նոր օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցրել չորս շրջանների, իսկ Իրաքում մեկ հարված է հասցվել: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «A Haber» հեռուստաալիքը:
Նշվում է, որ թուրքական F-16 և անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների են ենթարկվել սիրիական Կոբանի, Թել Ռիֆաթ, Դերբիսիա, Դերիք շրջանները, իսկ Իրաքում՝ Շենգալ շրջանը։ Հարվածները հասցվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և նրա սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» մասնաճյուղերի տեղակայման վայրերին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական կազմավորումների շտաբները, թաքստոցները, պահեստներն ու բազաները: Աքարը նաև հայտարարել է գործողության հաջող ավարտի մասին։
Հեռուստաալիքը, հղում անելով Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրներին, հայտնել է, որ գործողության մեջ ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հրետանու ստորաբաժանումներ: Աղբյուրները չեն բացառում օդային գործողությունից հետո անդրսահմանային գործողության ցամաքային մասի իրականացումը։
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և »Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 81-ը։