Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Պեմզաշենում տեղի ունեցած եռակի սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը, Armenia Today-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Նոյեմբերի 20-ին Պեմզաշեն գյուղում հերթապահություն իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 5 անձի, ովքեր, կոտրելով պատուհանը, պատրաստվում էին բենզինով այրել տունը։ Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- Armenia Today-ին ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ավելի վաղ Shamshyan.com կայքը հայտնել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները կանխել են Պեմզաշենում կնոջ և երկու երեխաների դաժան սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանին պատկանող տունը հրկիզելու փորձ։ Կայքի տեղեկություններով, նշված տան տարածքում բարձրացված հերթապահության ժամանակ ոստիկանները նկատել են, որ մի քանի կանայք մոտեցել են տանը, նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է պատուհանի ապակին և մտադրվել այրել տունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը։ Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել։