Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբյանը հայտնել է, որ ընթացքի մեջ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ երկրի էլեկտրական ցանցերի համաժամացման նախագիծը։ Նախարարը համապատասխան հայտարարություն է արել Իրանի էլեկտրաէներգիայի 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, հայտնում է Tehran Times-ը։
Մեհրաբյանը նշել է, որ ավարտական փուլում է Ռուսաստանի և Իրանի էլեկտրացանցերի նախնական համաժամացումը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում նաև Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի համատեղ համաժամացման ուղղությամբ։
Մեհրաբյանը հայտնեց նաև, որ վերոնշյալ երկրները քննարկում են նաև էլեկտրաէներգիայի փոխանակման հարցը։
«Երբ մենք էլեկտրաէներգիայի կարիք ունենանք, այն կարող ենք ներկրել Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքմենստանից»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ երկարաձգելու էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագիրը՝ «Գազը էլեկտրաէներգիայի դիմաց»։