Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկների համար ամերիկյան ուսումնական կենտրոններից մեկի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Al Mayadeen հեռուստաալիքին հղումով։
Նշվում է, որ կենտրոնը գտնվում է Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքե նահանգում։ Հեռուստաալիքը պնդում է, որ այս կենտրոնում աշխատում են ռազմական հրահանգիչներ ԱՄՆ-ից։ Քուրդ մարտիկների և ամերիկացի մասնագետների շարքերում կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Գործակալությունը նշում է, որ 2015 թվականից ԱՄՆ-ն օգնում է Սիրիայի դեմոկրատական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները նոյեմբերի 21-ին վերսկսել են հարվածները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի քրդական կազմավորումների դիրքերին։
Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում նոր օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցրել չորս շրջանների, իսկ Իրաքում մեկ հարված է հասցվել: