Երևանի քաղաքապետարանը գնման հայտ է ներկայացրել՝ 13,5 միլիոն դրամով մարդատար ավտոմեքենա ձեռք բերելու համար: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետից հետաքրքրվելով, թե արդյո՞ք դա «մեկ անձի համար» ձեռք բերվող ծառայողական մեքենա է և ո՞ւմ համար է, ինչպես նաև խնդրեց հիմնավորել գնման անհրաժեշտությունն ու հրատապությունը:
Ինչպես հարցին պատասխանեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ գումարի մեծությունը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով, սակայն Երևան համայնքում կա հետևյալ խնդիրը. հաշվեկշռում եղած բազմաթիվ մեքենաների վրա ծախս է իրականացվում, բայց կան մեքենաներ, որոնց վրա ծախս կատարելը նպատակահարմար չէ:
«Եթե ամեն տարի մի մեքենայի վրա պայմանական 1,5-2 միլիոն դրամի ծախս ենք անում և այդ ավտոմեքենայի տարիքը 10 տարի է, ապա դա նշանակում է, որ կարող ենք ձեռք բերել նոր ավտոմեքենա: Նոր ավտոմեքենաների շրջանում այդ ծախսն ավելի քիչ կլինի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա էլեկտրոմոբիլ է, որը մեկ անձի համար չէ:
Ըստ քաղաքապետի հայտնած տվյալների՝ Երևան համայնքն ունի 100-102 ավտոմեքենա, որոնք անհրաժեշտ են համայնքին: Ուստի համայնքի ավտոպարկը ընդհանուր առմամբ թարմացնելու անհրաժեշտություն նույնպես կա: