Մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։
Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ խմելու ջուրը մինչև նշված ժամանակահատվածը չի թանկանա»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում։